ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Պատճառը Ադրբեջանն է՝ ԱԺ-ում լրագրողներին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին: «Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթնաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից՝ վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը՝ շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։ Իսկ թե ինչու բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է բոլորի համար: Պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ հետ» սկզբունքով: Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին՝ ցույց կտա ժամանակը։ Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագահ երկրների կողմից հանդիպումների, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով հանդիպումների, կազմակերպման վերաբերյալ և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»: